Այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ նոր Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է բարելավել ՀՀ մաքսային ընթացակարգերը: Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան Գայրան, ինչպես նաև ներկայացուցիչներ հայաստանյան, լիտվական և ֆիննական գործընկեր-կառույցներից:
Գ. Խաչատրյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք շարունակական բնույթ են կրում: Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ամբողջական կանաչ ուղու ներդրում և այլն: «Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը` մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից”,-նշել է կոմիտեի նախագահը:
Գագիկ Խաչատրյանի խոսքերով, ՊԵԿ-ը մշտապես կարևորում է ձեռնարկված բարեփոխումները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցը. “Իրականացվող բարեփոխումներն էլ ավելի արագացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայությունը մշակել և ԵՄ էր ներկայացրել Թվինինգ ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՄ կողմից: Կարող ենք փաստել նաև, որ ի տարբերություն Թայեքսի և աջակցության այլ մեխանիզմների, Թվինինգ ծրագիրը ինչպես իրականացվող բարեփոխումներն, այնպես էլ համագործակցությունը ԵՄ-ի հետ տեղափոխում է որակապես նոր մակարդակի վրա»:
Նշենք, որ 2012 թ. հունիսին ՊԵԿ-ում մեկնարկած Թվինինգ ծրագիրն իրականացվում է Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների կոնսորցիումի կողմից և ներառում է այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են իրավական դաշտի, նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի կատարելագործում, գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդում, հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացում: Ծրագրի ավարտին ՊԵԿ-ն ակնկալում է համակարգում ունենալ և կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգեր` ներառելով նախաբացթողումային, մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգեր: «Շուտով կսկսվեն հայ-վրացական պետական սահմանի անցման երեք կետերի հիմնովին վերակառուցման և արդիականացման աշխատանքները, որոնց զուգահեռ լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսում նաև օրեսնդրական մակարդակում` սահմանների համալիր կառավարման սկզբունքներին և ԵՄ չափանիշներին համահունչ մաքսային կետերում աշխատանքները կազմակերպելու և քաղաքացիներին սպասարկելու համար»,-նշել է կոմիտեի ղեկավարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժան Գայրանի խոսքերով, այս ծրագիրը միավորում է երեք մաքսային համակարգեր մեկ ընդհանուր
նպատակի համար. «Մեզ համար պատիվ է աջակցել հայկական մաքսային մարմիններին և համատեղ հասնել ծրագրի ընդհանուր նպատակին՝ ներկալացնելով ԵՄ անդամ-պետությունների լավագույն փորձը»:
ԵՄ կողմից մոտ 1 մլն եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի տևողությունը 2 տարի է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ծրագրի շրջանակներում են նախատեսվում նաև հայ մասնագետների ճանաչողական և ուսուցողական այցեր ԵՄ տարբեր երկրներ` եվրոպացի գործընկերնեի փորձին տեղում ծանոթանալու համար:










































