BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ միջազգային հանրության շրջանում աղմուկ է բարձրացրել այն լուսանկարը, որում Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ծաղիկներ է դնում այդ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին:
«Ազերթաջ» պետական տեղեկատվական գործակալության կայքում տեղ գտած այդ լուսանկարում երևում է, թե ինչպես է ամերիկացի դիվանագետը կանգնում և գլուխ խոնարհում ՊԱԿ-ի նախկին գեներալի հուշարձանի առջև, որը երկրում հաստատել էր բռնատիրական ռեժիմ:
Սակայն ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է դիվանագետի՝ գլուխ խոնարհելու մասին տեղեկատվությունը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը հայտարարել է, որ Մորնինգսթարը պարզապես ծաղիկներ է դրել հուշարձանին.
«Դա հավատարմագրերը հանձնած դեսպանների համար ստանդարտ պրակտիկա է: Խոնարհում չի եղել: Նա պարզապես այնտեղ ծաղիկներ է դրել, ինչպես որ վարվել են նրա բոլոր նախորդները»:








































