Գերմանական Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլի պատճառով ավելի քան 100 հազար մարդ չի կարողացել ժամանակին թռչել: Այս մասին ավիափոխադրողի մամլո քարտուղար Կլաուս Վալտերը հայտնել է
N-24 հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ շուրջ 55-60 հազար ուղևորի է հաջողվել տեղեկացնել sms հաղորդագրության միջոցով: Նրանց առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ: Վալտերի խոսքով ՝ օրական ավիաընկերությունը միջինը տեղափոխում է 170 հազար ուղևորի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիաընկերությունը գործադուլի պատճառով տեղափոխել է չվերթների երկու երրորդը՝ 1200: Վալտերը հստակեցրել է չվերթների իրական թիվը՝ 1000:
Եվրոպայում խոշորագույն Lufthansa ընկերության գործադուլները սկսվել են օգոստոսի վերջին:
Բորտուղեկցորդները պահանջում են 5 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, ինչպես նաև դադարեցնել ժամանակավոր աշխատակիցների ներգրավման պրակտիկան:










































