ԱՄՆ-ը դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին թռիչքը կռունկների հետ՝ սպիտակ կռունկների պահպանմանն ուղղված փորձի ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«Մենք դիտել ենք այդ թեմայով տեսանյութը: Ե՛վ Ռուսաստանի կառավարությունը, և՛ նախագահ Պուտինը հստակ տրամադրված են պաշտպանել վայրի բնությունն իր նախնական տեսքով»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ «այդ սիբիրյան կռունկները գտնվում են վտանգի տակ, իսկ նախագահ Պուտինն անձամբ է մասնակցություն ունեցել նրանց փրկության նախագծին»:
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է վայրի բնության պաշտպանությամբ և ակնկալում է այդ հարցում համագործակցել Ռուսաստանի հետ՝ որոշ հազվագյուտ տեսակների պաշտպանության գործում:
«Պուտինի օրինակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի սպիտակ կռունկների ճակատագրին»,- ասել է Վենտրելը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:










































