1881թ. այս օրը Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում ծնվեց հայ դասական երաժշտության ականավոր ներկայացուցիչ, կոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Նիկոլ Գալանտերյանը:
1900-1903թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցում: 1911-ից ապրել է Թեհրանում, 1925-ին հիմնադրել է «Գողթան» (1942-ից` «Գալանտերյան» ) երգչախումբը:
Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային երգերի ոճով` Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա: Դրանք անձնական քնարերգության արտահայտությունն են:
Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերքի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» ևն): Գրել է «Լալվարի որսը» (ըստ Վ. Միրաքյանի, բեմադրել է Թեհրանում), «Փարվանա» (ըստ Հովհանես Թումանյանի, 1932), «Հովիկը» (ըստ Վրթանեզ Փափազյանի «Լոդալուր»–ի, 1933) օպերաները, մանկական երգեր ու օպերաներ («Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը»), ջութակի, թավջութակի, դաշնամուրի մանրանվագները:
Մահացել է 1944թ. Թեհրանում:










































