Մինչ այս օրերին հայ քաղաքական միտքը և մամուլը խոսում են ԲՀԿ-ՀՀԿ ինչ-ինչ հնարավոր պայմանավորվածությունների մասին, պարզվում է` համագործակցության օրինակներ արդեն իսկ կան. ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությունը դրսևորվել է Հունգարիայի հյուպատոսության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու ու հյուպատոսության ուղղությամբ լոլիկներ շպրտելու հարցում: ԲՀԿ երիտասարդական թևը միացել է հայրենանվեր ակցիային: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտասարդական միության նախագահ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
– Պարոն Էնֆիաջյան, ստացվում է` ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի հետ համագործակցում եք լոլիկ շպրտելու հարցում:
– Կարեն Ավագյանի հետ համագործակցությունը այս հարցի շուրջ չենք տեսնում: Մենք համագործակցում ենք բոլոր առողջ մտքերի ու գաղափարների հետ:
– Կարծում եք` լոլիկ շպրտելը առո՞ղջ գաղափար էր:
– Այդ պարագայում միգուցե մի քիչ էլ էմոցիոնալ դրսևորումներ են ունեցել երիտասարդները, բայց կարծում եմ` Հունգարիան իրեն շատ ավելի վատ է դրսևորել, քան մեր երիտասարդները:
– ԲՀԿ ղեկավարության որոշմա՞մբ է եղել մասնակցությունը:
– Դա մեր երիտասարդական միությունում մենք քննարկել ենք, և որոշել ենք, որ այդ ծրագրին անպայման պետք է մասնակցենք:
– Իսկ դուք լոլիկները ձեզ հետ տարե՞լ էիք, թե՞ հանրապետականների լոլիկներն եք շպրտել:
– Մենք չենք հորդորել ոչ մեկին, որ լոլիկ իրենց հետ տանեն կամ ինչ-որ բան շպրտեն: Մենք բոլորին ասել ենք, որ իրոք սա առողջ գաղափար է, երբ երիտասարդները կարողանում են արտահայտել իրենց դիրքորոշումը: Միգուցե ծայրահեղություն եղել է, բայց երբ համեմատում ենք ինչի դիմաց ինչ դրսևորում է ունեցել մեր հայ երիտասարդությունը, ինձ թվում է խոսքերն ավելորդ են:
– Անդրադառնանք ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից պարզվում է, որ իշխանությանն այլընտրանք և անկախ ուժ հայտարարած ԲՀԿ-ի թեկնածուին ընտրում է իշխանության ներկայացուցիչը, այն էլ` երկրի նախագահը:
– Սամվել Բալասանյանն ինքն արդեն իսկ պատասխանել է` ասելով, որ մեր կուսակցությունում առաջադրումները լինում են կուսակցության և կուսակցության առաջնորդի կողմից:
– Այսինքն` Սերժ Սարգսյանը թյուրիմացաբա՞ր է նման բան ասել, թե՞ դիտավորյալ:
– Դուք ուզում եք, որ ես պատասխանեմ երկրի նախագահի փոխարե՞ն, թե՞ վերլուծեմ նրա ասածը: Ես ասում եմ էն, ինչ որ մենք ենք արել:
– Պարզապես այստեղ հարցականի տակ է դրվում ԲՀԿ-ի ինքնուրույն գործունեությունը, չե՞ք կարծում:
– Ամբողջ հանրապետության համար պարզ է ԲՀԿ-ի գործունեությունը: Տվյալ հարցի վերաբերյալ էլ մեր թեկնածուն արդեն իսկ պատասխանը տվել է:
– Ամեն դեպքում, երբ Սամվել Բալասանյանն այցելել էր նախագահական, ԲՀԿ-ում դեռ որոշում չկար, որ Բալասանյանն է ԲՀԿ թեկնածուն:
– Մենք մեր կուսակցությունում քննարկել ենք և այդ որոշման ենք եկել: Ով որտեղ է գտնվել, ինչ աշխատանքային հանդիպումներ է ունեցել, դա հարցի մյուս կողմն է: ԲՀԿ թեկնածուները որոշվում են կուսակցությունում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































