Ֆուտբոլի Բուլղարիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լոթար Մաթեուսը Sportal պարբերականի հետ զրույցում ներկայացրել է սկանդալային այն իրավիճակները, որոնք ծագել են իր՝ այդ հավաքականում աշխատելու ժամանակահատվածում.
«Այդ թիմի հետ աշխատելու ժամանակ բազմաթիվ սկանդալային իրավիճակներ են ստեղծվել: 2011 թվականի օգոստոսին Բելառուսի հավաքականից կրած պարտությունից հետո որոշ խաղացողներ բացահայտ կերպով խախտում էին սահմանված ռեժիմը և չէին պատժվում դրա համար, քանի որ դա չէր թողնում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը:
Այդ իսկ պատճառով նրանք պատասխան խաղերից առաջ այցելում էին գիշերային ակումբներ, օգտագործում ալկոհոլ և լուսաբացը դիմավորում այդ վայրերում: Ես ցանկանում էի թիմից հեռացնել Իվելին Պոպովին, բայց ինձ արգելեցին դա անել:
Նրանք նույնիսկ ամբողջությամբ չեն վճարել աշխատավարձս: Բուլղարիայի հավաքականում աշխատելը կարիերայիս մեծագույն սխալն էր»,- հայտարարել է Մաթեուսը:






































