Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման արժանանալուց հետո առաջացած իրավիճակի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում տեղ գտած այդ հայտարարությունում նշված է.
«Մենք չափազանց զարմանքով ենք հետևում նրան, թե ինչպես է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը Հունգարիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջանին շաղկապում Թուրքիայի անվան հետ:
Թուրքիան չի միջամտել այդ գործընթացի որևէ փուլին, և Թուրքիայի դեմ ուղղված անհիմն հավակնությունները ներկայացնում են Թուրքիայի հանդեպ անբարյացակամ տրամադրված շրջանակների հերթական վարկաբեկիչ արշավը»:










































