Բաղդադը դավաճանել է ԱՄՆ-ի ռազմաօդային շահերին: Իրաքի օդային տարածքը բաց է դեպի Սիրիա իրանական զենքի մատակարարումների համար: Այս մասին գրում է Kommersant-ը:
Ամերիկացի սենատորները մեղադրել են Իրաքի իշխանություններին Բաշար Ասադի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու մեջ: Իրաքը օդային միջանցք է տրամադրել Սիրիայի կառավարական ուժերի համար զենք փոխադրող Իրանի օդանավերի համար:
Փորձագետների խոսքով` այս սկանդալը վկայում է ԱՄՆ-ի կողմից շիա Նուրի ալ-Մալիկիի կառավարության վրա թույլ ազդեցության մասին:
Իրաքյան իշխանությունների և Բաշար Ասադի ռեժիմի մտերմությունը վաղուց է անհանգստացնում ԱՄՆ-ին: Մարտին Բաղդադը զիջումների է գնացել և փակել իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող իրանական օդանավերի համար: Սակայն հուլիսին, երբ Սիրիայի Անվտանգության ծառայության կենտրոնակայանում ահաբեկչություն տեղի ունեցավ, ալ-Մալիկին որոշեց, որ իրավիճակը կրիտիկական է դառնում: Իրանից օդանավերը կրկին սկսեցին թռչել Իրաքի գլխավերևով:
Իրանի և Իրաքի իշխանությունները հաստատում են, որ օդանավերում գտնվում է տուժածների համար մարդասիրական օգնություն, սակայն ԱՄՆ-ի տվյալներով` Թեհրանից Դամասկոս է փոխադրվում զենք և զինամթերք:
Բաղդադում գտնվող հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը, Ջո Լիբերմանն ու Լինդսի Գրեմը երեկ հայտարարել էին, որ հարցը բարձրացրել են ալ-Մալիկիի և Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարիի հետ բանակցությունների ժամանակ, սակայն հստակ պատասխան այդպես էլ չի ստացվել:
Այդ ուղղությամբ ջանքեր են ձեռնարկում ոչ միայն հանրապետականները: Օգոստոսի 17-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Նուրի ալ-Մալիկիին համոզել իրանական օդանավերի համար Իրաքի օդային տարածքի փակման անհրաժեշտության մասին, սակայն հաջորդ օրերին պարզ է դարձել, որ Բայդենին չի հաջողվել համոզել Իրաքի վարչապետին:






































