Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ «իրեն շատ լավ է զգում» և նույնիսկ չի հիշում իր տարած քաղցկեղային հիվանդության մասին: Չորեքշաբթի ելույթ ունենալով մամլո ասուլիս ժամանակ` նա հայտնել է, որ վերջին բժշկական ստուգումն անցել է հունիսին: Երկրի ղեկավարի խոսքով` բոլոր արդյունքները «շատ լավ են եղել»:
Հուլիսից սկսած Չավեսն ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալում: Վերջերս նա աշխատանքային այցով մեկնել էր Բրազիլիա: Դա վերջին 12 ամիսների ընթացքում նրա առաջին արտերկրյա այցն էր:
Անցյալ տարվա հունիսից Չավեսը բուժվում էր Կուբայում: Վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացրել էին քաղցկեղային ուռուցքը, Չավեսը քիմիաթերապիայի 4 կուրս էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղին: Սակայն մի քանի ամիս անց հերթական ստուգման ժամանակ բժիշկները նորից նույն տեղում ուռուցք հայտնաբերեցին:
Փետրվարի վերջին այդ ուռուցքը հեռացվեց: Դրանից հետո երկրի ղեկավարն անցավ ճառագայթային բուժում, իսկ հուլիսի սկզբին հայտարարեց, որ «լիովին ազատվել է քաղցկեղից»:











































