Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քննիչներին 3 ժամ ցուցմունք է տվել իր` «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից սենատոր Մարչելո Դելլ’Ուտրիի գործով: Վերջինիս կասկածում են մաֆիայի գործունեությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Հարցաքննությունը, որը անցկացրել են Պալերմո քաղաքի քննիչները, տեղի է ունեցել երեկ երեկոյան Հռոմում: Գործակալությունը նշում է, որ Բեռլուսկոնին պարզապես գործով վկա է: Սենատորը նրա հին ընկերն է:
Սենատորին, որի անվան հետ են կապված մի քանի սկանդալային դատական գործեր, ԶԼՄ-ներն անվանել են միջնորդ Բեռլուսկոնիի և «Կոզա նոստրա»-ի միջև: Սենատորը 1970-80-ականներին մաֆիային զգալի գումարներ է վճարել, որպեսզի հնարավորություն ստանա Սիցիլիայում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու:
Այս տարվա մարտին Բեռլուսկոնին Դելլ’Ուտրիի կնոջ հաշվին է փոխանցել 15 մլն եվրո, որից 11 միլիոնն անմիջապես փոխանցվել են Դոմինիկյան Հանրապետության բանկերից մեկի հաշվին: Վերջին 12 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, Բեռլուսկոնին սենատորին հատկացրել է 40 մլն եվրո:
Օրերս կատարված բանկային փոխանցումը, որը, ըստ նրանց, Կոմո լճի ափին վիլլայի առքուվաճառքի գործարքին է վերաբերում, քննիչներին վստահություն չի ներշնչում:
Հուլիսի վերջին գործով 2 ժամ հարցաքննվել է Բեռլուսկոնիի ավագ դուստրը` Մարինան:
Սկանդալային սենատորը կարծում է, որ գործը քաղաքական միտում ունի, այն փորձում է իր մեջ ներառել նաև Բեռլուսկոնիին, քանի որ վերջինս որոշել է վերադառնալ քաղաքական դաշտ:









































