Շաբաթներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ինքնալուծարման եղանակով միացած Վահան Բաբայանը փոշմանել է, որ միացել է Գագիկ Ծառուկյանին:
Հարկ է նկատել, որ Վահան Բաբայանը երիտասարդ տարիքում արդեն մի քանի քաղաքական դաշտ է փոխել: Նա մեզ հետ զրույցում թեև հերքեց, որ փոշմանել է, բայց ինչպես հասկացանք նրա հետ զրույցից, նա ավելի շատ փոշմանել է ոչ թե նրանից, որ միացել է Գագիկ Ծառուկյանին, այլ որ բարձրաձայնել է իր փոշմանելու մասին:
– Վերջերս դուք ինքնալուծարվեցիք և միացաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ մինչ այդ եղել եք «Հանրապետություն» կուսակցության անդամ, ապա Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ: Այսինքն` դաշտից դաշտ տեղափոխվելու պրակտիկա ունեք, ու հիմա էլ հասցրել եք փոշմանել ԲՀԿ-ին միանալու համար:
– Դա հիմարություն է, ոչ մեկը նման բան չի ասել, քանի որ դա հիմարություն է: Ես նման հիմար արձագանքներին չեմ էլ պատրաստվում ինչ-որ բան ավելացնել: Բայց դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Ոչ:
– Եթե նման ցանկություն չի արտահայտվել Ձեր կողմից և չեք փոշմանել, որ միացել եք Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա ձեր փոշմանելու արտահոսքը որտեղի՞ց է գալիս:
– Չգիտեմ, հիմա ինչ ուզում են` խոսեն, ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե իմ հասցեին ինչ են ասում:
– Հակառակ դեպքում ստացվում է, որ Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները խառնելու նպատակ կա ինչ-որ տեղ: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:
– Ես չեմ կարծում, որ նման անհիմն և անլուրջ խոսակցություններին մարդիկ կհավատան:
– Ավելին ասեմ` Գագիկ Ծառուկյանին միանալու հարցում զղջալու պատճառն էլ, նշում են այն հանգամանքը, որ Դուք դեմ եք եղել, որ ԲՀԿ նախագահը միանա Սերժ Սարգսյանին, քանի որ եթե հակառակ դեպքում Դուք խորհրդարանում երևալու շանսեր ունեիք, այս դեպքում այդ հնարավորությունը կորցնում եք:
– Ես կրկնում եմ Ձեզ, որ նման բան չկա: Ինչ վերաբերում է հուշագրի ստորագրմանը` զանգահարեք մեր մամուլի քարտուղարին:
– Հուշագրի ստորագրման վերաբերյալ մեզ և հասարակությանը ձեր մամուլի քարտուղարի կարծիքը չի հետաքրքրում: Դուք սեփական, անձնական կարծիք չունե՞ք ԱԺ և նախագահական ընտրություններից առաջ կոալիցիոն ուժերի կողմից ստորագրված հուշագրի վերաբերյալ:
– Ես Ձեզ ասացի:
Եվ սա եղավ այն վերջին արտահայտությունը, որը արեց երիտասարդ տարիքում մի քանի քաղաքական կուսակցություն փոխած և առայժմ ԲՀԿ-ում հանգրվանած և գուցե միշտ փնտրտուքներում գտնվող Վահան Բաբայանը: Մնում է, որ այս երիտասարդին քաղաքական ապաստան տրամադրած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշի` շարունակե՞լ նրան պատսպարել, թե՞ թույլ տալ, որ նա շարունակի իր փնտրտուքները: Հատկապես այն դեպքում, երբ մեկ այլ ապաստան գտնելու դեպքում երիտասարդը ինքնակամ է լքելու ժամանակավոր ապաստանը:
Հ.Գ. Վահան Բաբայանը երկու օր առաջ խոստացել էր մեզ հարցազրույց տալ, սակայն ծանոթանալով հարցերի բովանդակությանը` երկու օր շարունակ ոչ մի զանգի չէր պատասխանում: Երեկ մեզ հաջողվեց նրա հետ կապվել միայն փակ համարի միջոցով:











































