«Հրազդան» մարզադաշտը շարունակում է ծաղկել ու նախապատրաստվել Իտալիայի հավաքականի հետ խաղին: Փոխվել է խոտածածկը, կարգավորվել է լուսավորությունը, վերանորոգվել են հանդերձարանները, տեղադրվել են նոր լուսատախտակներ, կատարվել են մի շարք այլ աշխատանքներ: Տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզադաշտ էր այցելել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հրազդան»-ում էր նաև 1in.am Sport-ը:
«Դեռ շատ անելիքներ ունենք: Վերջերս Նախագահն այցելեց մարզադաշտ և հանձնարարեց, որ անպայման նաև ծածկենք մարզադաշտը: Մենք արդեն հայտարարել ենք մրցույթ, որ նախագծեն, և մարզադաշտը ծածկենք ամբողջությամբ՝ պահպանելով նաև ճարտարապետական տեսքը: Մենք պատրաստ ենք Իտալիայի հավաքականի հետ խաղին: Բոլոր պայմանները համապատասխանում են ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոններին, բացառությամբ մեկ-երկու կետերի, որոնք ՈւԵՖԱ-ն արդեն ուղարկել է, և մոտ 10 օրվա ընթացքում կշտկվի: Դրանք կապված են լրագրողների համար հատկացվող տեղի, մեկնաբանական խցիկների և բուժկետի հետ: Մենք արդեն մոտ 1.800.000 դոլարի ներդրում ենք արել, բայց 4-5 տարվա ընթացքում դրանք 20 մլն-ի կհասնեն:
Մեր թիմը նույնպես պատրաստ է: Պատրաստ է նաև հավաքականի ղեկավար կազմը: Նախապատրաստական ծրագիրը մեկնարկել է դեռ 3 ամիս առաջ, անցկացվել են ընկերական խաղեր, կատարվել են վերլուծություններ: Կարծում եմ, որ նման պատրաստականությամբ ունենալու ենք հաջողություններ: Շատ բան է կախված երկրպագուներից, որոնց ես միշտ 12-րդ ֆուտբոլիստն եմ համարել: Նրանք իրենց աջակցությունով կարող են մեծ օգուտ տալ մեր հավաքականին: Ցանկալի կլինի, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՖՖ նախագահը:







































