Ինչպես հետևում է Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտություններից, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը կորցրել են դիրքերը տնտեսության մրցունակության համաշխարհային վարկանիշում:
ԱՄՆ-ը 5-րդ հորիզոնականից հայտնվել է 7-ում՝ քաղաքական ու տնտեսական խնդիրների հետևանքով, հաղորդում է Reuters-ը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի ավագ մասնագետ Մարգարետ Դրժենիկի խոսքով` քաղաքական փակուղին սպառնում է բոլոր երկրների բարեկեցությանը, քանի որ կարող է հանգեցնել արտադրության կրճատման ու տեմպերի դանդաղման:
Ռուսաստանը հայտնվել է 67-րդ հորիզոնականում` 2011թ. համեմատ կորցնելով 1 հորիզոնական: Որոշ ցուցիչների համաձայն` Ռուսաստանը հայտնվել է աշխարհի 10 ամենաթույլ երկրների շարքում, ներառյալ տեխնոլոգիաների ներդրման մակարդակը, ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը, մրցունակության ցածր մակարդակը:
Հունաստանը Եվրամիության երկրների շարքում աութսայդերն է` հայտնվել է 96-րդ հորիզոնականում, սակայն մակրոտնտեսական իրավիճակի գնահատմամբ հայտնվել է 144-րդ հորիզոնականում:
Կատարը բարձրացել է 3 աստիճանով` մինչև 11-րդ հորիզոնական:
BRIC երկրներից 4-ը կորցրել են դիրքերը, ու միայն Բրազիլիային է հաջողվել բարելավել վարկանիշը` բարձրանալով 5 հորիզոնականով` մինչ 48-րդ տեղ:
Չինաստանը դեռ պահպանում է դիրքերը: Նրա ներկայիս 29-րդ հորիզոնականը ցածր է անցած տարվա 26-ից, սակայն երկիրը 30 տեղով բարձր է Հնդկաստանից, որը 10 տեղ է կորցրել աղյուսակում:
Չորրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենամրցունակ տնտեսական երկիր է դարձել է Շվեյցարիան:
Հետազոտությունն ընդգրկել է 144 երկիր, որոնք ստուգվում են 113 ցուցանիշով:







































