ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել Ավտոճանապարհների արհեստական կառույցների` թունելների և կամուրջների պահպանման աշխատանքների գնառաջարկների հայտերի բացում։ Այս մասին ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրությունում:
Մրցույթի հայտատուները և մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ստուգեցին մրցութային հայտերի ծրարների փակ լինելը:
Դրանից հետո բացվել են հայտերը և հայտարարվել ներկայացված գները: Փակելով նիստը` հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մրցութային գնառաջարկների հայտերի ուսումնասիրությունը, գնահատումը, մրցույթի հաղթողի ճանաչումը և պայմանագրի շնորհումը կկատարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:










































