Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով փոխվարչապետի այցը Հայաստան ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այն էական ներդրում կունենա հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
Աժ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Իրաքի հետ հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական, թե խորհրդարանական հարթություններում: Համագործակցության հետագա զարգացման համար Հովիկ Աբրահամյանը կարևորել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որը կարող է նոր հորիզոններ բացել փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար:
ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրաքյան կապերի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ձևավորել հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խումբ, ինչն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Փոխվարչապետ Ռաուշ Նուր Շաուեյսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Իրաքի նախագահի, խորհրդարանի ղեկավարի ու վարչապետի ողջույնները փոխանցել է Հովիկ Աբրահամյանին: Նրա խոսքով` հայ-իրաքյան կապերը պատմական ավանդույթներ ունեն, և երկկողմ հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ բարեկամությանը: Ըստ փոխվարչապետի` այս այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև, փորձել լրացնել այն բացը, որ եղել է վերջին տարիներին: Ռաուշ Նուր Շաուեյսի խոսքով` փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան բոլոր ոլորնետում: Նա հատկապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հետագա խորացումը: Փոխվարչապետը կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հետագա աշխուժացումը տեղեկացրել է, որ նախատեսում են Երևանում բացել Իրաքի դեսպանատուն: Նա ընդգծել է այն մեծ դերակատարությունը, որ ունի իրաքահայ համայնքն իրեց երկրի կյանքի բոլոր բնագավառներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:











































