ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը գնահատական է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքական կուրսին՝ նրա և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործողությունները գնահատելով որպես «լավ հաշվարկված և մտածված»:
Շարլոտում, որտեղ այսօր բացվել է Դեմոկրատական կուսակցության համագումարը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Օլբրայթը նշել է, որ եթե նոյեմբերին իշխանության գա հանրապետական Միթ Ռոմնին, ապա շատ դժվար կլինի հասկանալ նրա արտաքին քաղաքական կուրսը, քանի որ «նա իր դիրքորոշումները հստակ չի արտահայտում ոչ մի բնագավառում, բացի Ռուսասստանի հետ հարաբերությունների ապագայից»:
Օլբրայթի խոսքերով՝ իրեն խիստ զարմացնում է հանրապետական թեկնածուի հայտարարությունների սրությունը:
«Նահանգապետ Ռոմնին միջազգային քաղաքականության մասին քիչ է խոսում, սակայն նրա անսպասելի որոշման մեջ՝ առ այն, որ մենք վերադառնում ենք Ռուսաստանի հետ «սառը պատերազմին» նման մի իրավիճակի, ես ոչ մի օգուտ չեմ տեսնում: Ես նաև զգում եմ նրա կողմից «ամերիկյան ուժը» ներկայացնելու ցանկությունը. կարծում եմ՝ բոլորը հարգում են ամերիկյան ուժը, սակայն մարդիկ աշխարհում ամերիկյան գործընկերության կարիքն ունեն»,- հայտարարել է նախկին պետքարտուղարը:
Օլբրայթը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կոշտությունը «ի չիք կդարձնի այն ամենը, ինչ արել է նախագահ Օբաման»:
Նա ընդգծել է, որ Օբամայի վարչակազմը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ուղիներ փնտրել մի շարք հարցերի, հատկապես՝ ընդհանուր շահերի շուրջ:
«Անկասկած, Ռուսաստանը ինքնաճանաչման ճգնաժամի մեջ է,- ասել է նա:- Ռուսները փորձում են հասկանալ իրենց և ճանաչել իրենց տեղն աշխարհում: Ես նրանց գործողությունները Սիրիայի նկատմամբ հսկայական սխալ եմ համարում: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են նրանք իրենց հակադրում միջազգային հանրությանը: Բայց դա ոչ մի կապ չունի «վերաբեռնավորման» քաղաքականության հետ: Դա կապված է Պուտինի՝ իրեն մեծ Ռուսաստանի հետ նույնացնելու փորձերի հետ, սակայն ես չեմ կարծում, որ դա բավարար հիմք է Ռուսաստանի հետ գործառական հարաբերությունները դադարեցնելու համար, կամ հայտարարելու, որ Ռուսաստանը մեր գլխավոր աշխարհաքաղաքական թշնամին է»:
«Ասել, որ Ռուսաստանը մեր համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է՝ նշանակում է ապրել անցյալում,- շարունակում է նախկին քաղաքական գործիչը:- Այո, Ռուսաստանը բարդ երկիր է, բայց հանկարծ նրան տալ համար մեկի կարգավիճակ՝ նշանակում է ընդհանրապես գլուխ չհանել 21-րդ դարի միջազգային իրավիճակից և համաշխարհային խնդիրներից»:










































