Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին.
«Ըստ իս՝ Վրաստանին սպասվում է թեժ աշուն: Չնայած ներքաղաքական իրավիճակի լարվածությանը՝ ընդդիմությունն օբյեկտիվ ու արդար ընտրական գործընթաց անցկացնելու դեպքում ունի բոլոր հնարավորությունները՝ իշխող կուսակցությանը հաղթելու համար: Կրկնում եմ՝ դա կարող է լինել օբյեկտիվ գործընթացի ժամանակ:
Բանն այն է, որ մեր երկրրը, դժբախտաբար, վաղուց է երես թեքել ազնիվ ընտրություններից: Ներկայիս իշխանություններն ամբողջովին սպառել են իրենց քաղաքական, տնտեսական և որ գլխավորն է՝ բարոյական ռեսուրսը: Բացի բազմիցս արդեն տված խոստումներից, քողարկված, երբեմն էլ ակնհայտ ինտրիգներից, ընտրողներին ու վարչական ռեսուրսը գնելուց, իշխանություններն այլ լծակ չունեն ընտրողների վրա ազդելու համար:
Ամեն դեպքում, եթե ընտրություններն անցկացվեն հիրավի ազատ, արդար, օբյեկտիվ ու ժողովրդավարական, միջազգային հանրությունը ճանաչի նրա ցանկացած արդյունք, ապա պետք է հարգանքով ընդունել ինքնիշխան երկրի ժողովրդի կամարտահայտությունը»:








































