ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման:
Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վերաքննիչի որոշումը վճռաբեկ դատարան, չնայած վստահ են, որ վճռաբեկ ատյանը պարզապես վերադարձնելու է իրենց բողոքը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, բողոքի մերժումն այսօր հիմնավորեց բողոքի անհիմն լինելու հանգամանքով: Սակայն Տիգրան Աթանեսյանի խոսքով` վերաքննիչը իրենց ներկայացրած փաստարկներին չի էլ պատասխանել, այնպես որ` վճռաբեկ բողոքը նույն բովանդակության է լինելու:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու քննիչի որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ:
Այդ գործով վկա` «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի ու նրա ներկայացուցչի կարծիքով` այդ քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները:








































