Սպիտակ արջերի կոստյումներ հագած Greenpeace-ի ակտիվիստները Մոսկվայում արգելափակել են մուտքը «Գազպրոմի» գրասենյակ` ստեղծելով այսպես կոչված «Արկիտիկական արգելոց»: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը:
Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ մարդիկ Ռուսաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից ու Հունգարիայից:
Նրանք տարածքը պատել են արհեստական ձյունով, ճամբարներ են խփել ու իրենց ամրացրել են ցանկապատերին:
«Արկտիկական արգելոցի» տարածքը շրջապատված է 10-մետրանոց պաստառով, որի վրա ռուսերեն և անգլերեն գրված է «Գազպրոմը» սպանում է Արկտիկան»:
«Այդ երկրամասերում վթարի առաջացման հավանականությունը շատ մեծ է: Հաշվի առնելով այն, որ աշխարհում դեռ չեն մտածել սառցե պայմաններում նավթի հավաքման արդյունավետ մեթոդներ, այնպիսի նավթային հսկաների, ինչպիսիք են Shell-ը կամ «Գազպրոմը», Արկտիկայից «սև նավթի» վերջին կաթիլներն արագ դուրս քամելու ձգտումը սպառնում է տարածաշրջանին»,- կարծում է Greenpeace-ի Ռուսաստանի էներգետիկ բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Չուպրովը:











































