Առաջին անգամ 10 տարուց ի վեր Կոլումբիայի իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) խմբավորման միջև բանակցությունները տեղի կունենան նորվեգական Օսլոյում, իսկ հետո կտեղափոխվեն Կուբայի մայրաքաղաք Հավանա: Այս մասին, Agence France-Presse-ի փոխանցմամբ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը: Բանակցություններին մասնակցելու մտադրությունը հաստատել են ԿՀԶՈՒ-ի ներկայացուցիչները:
Սանտոսի խոսքով` բանակցային գործընթացը պետք է տևի ոչ թե տարիներ, այլ ամիսներ: Չնայած դիվանագիտությանը` Կոլումբիայի բանակը «նույն կամ ավելի բարձր ինտենսիվությամբ» կշարունակի հատուկ գործողությունները ԿՀԶՈՒ-ի զինյալների դեմ:
ԿՀԶՈՒ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ բանակցությունները «Կոլումբիայում կայուն և ամուր խաղաղություն հաստատելու դժվար, բայց անհրաժեշտ ճանապարհի» մի մասը կդառնան:
Նորությանը կողմ է հանդես եկել միջազգային հանրությունը: ԵՄ-ն և Սպիտակ տունը զինյալներին կոչ են արել միջոցառման ժամանակ դադարեցնել հարձակումները զինվորական և քաղաքացիական դեմքերի վրա:
ԿՀԶՈՒ-ն հիմնադրվել է 1964-ին հողազուրկ գյուղացիների կողմից: Խմբավորումն ամենահինն է Կոլումբիայում և ունի 9200 զինյալ:











































