«Ես Լևոն Զուրաբյանի մոտեցումը այսպես եմ հասկանում և մեկնաբանում. ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Ղարաբաղը և ընդհանրապես ժողովրդավարությունն է, որ պետք է փրկի Հայաստանը»,- անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերին` կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Մանուկյանը հիշեցրեց, որ ժողովրդավարությունն էր, որի շնորհիվ մենք փրկեցինք Ղարաբաղը. «Հայաստանի ժողովրդավարությունն էր, որ աշխարհը աջակցեց մեր գործողություններին Ղարաբաղի ազատագրման պրոցեսում:
Պատերազմի փուլում չի եղել որևէ երկիր, անգամ մուսուլմանական, որը հայտարարեր, թե Հայաստանը ագրեսոր է և գրավում է այլ երկրի տարածքը: Այսօր Հայաստանի ոչ ժողովրդավար դրսևորումների արդյունքում աշխարհում չի մնացել մի կազմակերպություն, մի երկիր, որը չհայտարարի, թե Հայաստանը ագրեսոր է»:
Նա շեշտեց, որ Ղարաբաղի վերահաս կորուստը, այսօրվա արտագաղթը, տնտեսական, կոռուպցիոն համակարգը ոչ ժողովրդավար լինելու արգասիքն է, մնացած բոլորը ածանցյալներ են. «Հերթականությունն այսպիսին է` ժողովրդավարությունը Հայաստանում կլուծի Հյաստանում եղած խնդիրները` հայ-թուրքական սահմանի բացում, ղարաբաղյան հիմնահարց»:









































