Փետրվարի 14-21-ը Սբ. Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան)` գլխավորությամբ Սբ. Գեղարդավանքի վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն և Հանաու քաղաքներում:
Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա` Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ:
Առաջին համերգը կայացավ Հայդենհայմ քաղաքի Ս. Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Երգչախմբի գերմանացի բարեկամ, երաժիշտ Քրիստիան Վայդայի կողմից կատարվեց նաև համերգի պրոֆեսիոնալ ձայնագրություն:
Համերգը կազմակերպել էր Neuer Kammerchor երիտասարդական երգչախումբը` Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Այս երգչախմբի հետ «Շիլլեր գիմնազիումի» փորձասրահում տեղի ունեցավ հանդիպում-փորձ, որի ընթացքում Ա.Պապայանի խմբավարությամբ գերմանական երգչախմբի երիտասարդ անդամները սովորեցին Կոմիտասի` «Ելա տանիս» ժողովրդական երգի մշակումը: Այնուհետ Neuer Kammerchor-ի անդամները կատարեցին Ռ.Ամիրխանյանի «Երազի իմ երկիր» ստեղծագործությունը, որը սովորել էին դեռ անցյալ տարի Հայաստան կատարած համերգային ուղևորության առիթով:
Հատկապես նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրված էր առավելագույն տևողությամբ ելույթի հնարավորություն: Ուշագրավ էր միացյալ երգչախմբի` Յ. Ս. Բախի Singet dem Herrn ստեղծագործության մի հատվածի կատարումը` նշանավոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարությամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանյան խմբի կատարումները:
Գյոպինգեն և Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմորեն հյուրընկալեցին տեղի հայ համայնքները` Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի և Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի գլխավորությամբ: Փետրվարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրվարի 20-ին Հանաուում մատուցվեց Սբ. Պատարագ` Գեղարդավանքի երգչախմբի մասնակցությամբ: Պատարագիչն էր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը:










































