Ադդրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտել են կիրակի երեկոյան Շըրնաքի նահանգի Բեյթուշեբբափ շրջանում PKK-ի կողմից 10 զինծառայողի սպանությունը:
Գյուլը խոր ափսոսանք է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ, որը ցնցել է ողջ երկիրը. «Այդ սարսափելի հանցագործության մեղավորները չեն խուսափի իրենց չարագործությունների համար պատասխանատվություն կրելուց: Բազում մարդկային կյանքեր խորտակած ահաբեկչական կազմակերպությունը խրված է կեղտոտ խաղի մեջ:
Վստահ եմ, որ ահաբեկիչներին աջակցող արտաքին ու ներքին ուժերը սխալ ընտրություն են կատարել և պատիժ են կրելու իրենց հանցագործությունների համար: Թուրք ժողովրդի միասնությունը փլուզելուն ուղղված բոլոր փորձերը մատնված են ձախողման, և Թուրքիան շարունակելու է վճռական պայքար մղել ահաբեկչության դեմ»:
Էրդողանն իր հերթին հայտարարել է. «Բոլորը պետք է իմանան, որ Թուրքիան ավելի վճռականորեն է շարունակելու ահաբեկչության դեմ պայքարը: Ինչպիսի դավաճանական սադրանքների էլ որ գնա միջազգային ուժերի ձեռքում խամաճիկ դարձած ահաբեկչական կազմակերպությունը, Թուրքիան երբեք թույլ չի տա, որ հանցագործները հասնեն իրենց նպատակին: Նրանք չեն կարող կոտրել թուրք ժողովրդի բարոյական ոգին»:







































