ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ուղղափառներ միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ուղղափառների միջազգային միասնության հիմնադրամի համաժողովի արդյունքները: Ըստ նրա՝ այս համաժողովը կարևոր էր հոգևոր արժեքների պահպանության առումով: Նա նշեց, որ համաժողովի իր ելույթում ներկայացրել է, թե ինչպես են Նախիջևանում ոչնչացվել հայկական խաչքարերն ու քրիստոնեական արժեքները: Արևմտյան Հայաստանում ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները: Ըստ նրա՝ ելույթում մեջբերված փաստերը լուրջ ազդեցություն են թողել համաժողովի մասնակիցների վրա:
Նա նաև ներկայացրել է, որ, հակառակ դրան, Երևանի կենտրոնում պետական աջակցությամբ վերականգնվել է մուսուլմանական մզկիթը: Մինասյանի կարծիքով, սա քաղաքական ընկալումների արդյունք է: Նա համաժողովում օրինակ է բերել, որ, ի տարբերություն թուրքերի, Իրանում քրիստոնեական մշակույթի արժեքները պետության հովանավորության տակ են: Համաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթում քննադատվում է մարդու հոգևոր և մշակութային արժեքների դեմ պայքարը: Մկրտիչ Մինասյանը առաջարկել է, որ դրանում ամրագրվի հոգևոր մշակույթի դեմ ազգերի պայքարի անթույլատրելիությունը, և դա ընդունվել է համաժողովում: