Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանի կողմից նույն ինստիտուտի մշակութաբանության բաժնի այս տարվա շրջանավարտ, 21-ամյա Մարինե Վարդումյանի նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ ունենալու վերաբերյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ դրա փոխարեն քրեական գործ է հարուցվել 21-ամյա աղջկա նկատմամբ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ գործի քննության շրջանակներում պարզված հանգամանքների հիման վրա Մարինե Վարդումյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության հոդվածով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոսի նկատմամբ քրեական գործը հարուցված էր ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Վերոնշյալ հոդվածով կատարված արարքը, այն է` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ: Սակայն դասախոսն արդեն հարցաքննվել է Լոռու մարզի քննչական բաժնում, բացատրություններ է տվել և հերքել ուսանողուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Լոռու մարզի դատախազությունից Ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկվել այն մասին, որ իրենց է դիմել Լոռու մարզի 21-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ իր նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ են կատարվել:
Ուսանողուհին դատախազությանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս, 32-ամյա Արամ Համբարյանը Վանաձոր քաղաքի «Վանաձոր» կոչվող հանդամասում 2011թ.-ի հուլիսի վերջերին իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հուլիսի 31-ին նույն դասախոսն իր նկատմամբ նույն բնույթի գործողություններ է կատարել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` «Լոռի» հանգստյան տանը:










































