Ռուսական Ино СМИ-ի փոխանցմամբ՝ դեռևս այս տարվա հուլիսի 31-ին NBC News-ը հայտնեց, թե հնարավոր է, որ Թուրքիան սիրիացի ապստամբներին հանձնել է երկու դյուժին զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ): Այդ տեղեկատվական ռումբի անանուն աղբյուրը հենց սիրիացի ապստամբների միջից էր:
Այն ժամանակ Թուրքիան ոչ մի կերպ չարձագանքեց այդ սարսափելի մեղադրանքին, սակայն համաշխարհային ԶԼՄ-ներն արձագանքեցին դրան: Արդյունքում, երբ նախորդ շաբաթ ապստամբները Facebook-ի էջում հայտարարեցին, թե վայր են գցելու Դամասկոսի և Հալեպի վրայով թռչող քաղաքացիական ինքնաթիռները, դրան արձագանքեցին ոչ միայն բոլոր ԶԼՄ-ները, այլև՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը և մասնավորապես փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
Սիրիացի ապստամբների ձեռքում ԶՀՀ-ների առկայությունը պարզելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում մի շարք լրագրողներ ու բլոգերներ: Նրանք եկել են այն եզրակացության, որ ապստամբներն ունեն «Ստրելա 2» ԶՀՀ-ի բաղադրատարրեր: Չեն բացառում, որ նրանք կարող են ունենալ նաև գործող ԶՀՀ-ներ, որոնք կարող են վերցված լինել սիրիական բանակի թալանված պահեստներից կամ էլ զինյալների կողմից բերված լինեն Լիբիայից, թեև այդ ամենն ապացուցված չէ: Այնպես որ, չկան ուղիղ ապացույցներ, որ ԶՀՀ-ներն ուղարկվել են օտար երկրների կողմից:








































