ՀՀ ազգային ժողովն այսօր պատգամավորներից ստորագրություններ է հավաքում սեպտեմբերի 5-ին՝ չորեքշաբթի օրը ժամը 12:00-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Նստաշրջանի ժամանակ քննարկվելու է Հունգարիայում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե նստաշրջանի ժամանակ ԱԺ-ն ընդունելու է այդ դեպքի հետ կապված հայտարարություն:
Այժմ պատրաստվում է հայտարարության տեքստը: Գ.Սահակյանը նաև ասաց, որ խորհրդարանական խմբակցությունների հետ այսօր քննարկումներ են անցկացվել այդ հայտարարության բովանդակության հետ կապված: Իսկ նստաշրջանի ժամանակ այդ հայտարարությունը ներկայացվելու է ԱԺ-ին, այն քննարկվելու է օրենսդրական նախաձեռնության ռեժիմով՝ ելույթներ և քննարկումներ են լինելու: Անհրաժեշտության դեպքում տեքստում փոփոխություններ կարվեն:








































