Ռուսաստանը համաձայն է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի նոր հատուկ բանագնաց Լախդար Բրահիմի հետ առ այն, որ Քոֆի Անանի ծրագրին և Ժնևի կոմյունիկեին այլընտրանքային ծրագիր չկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
«ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին Սիրիայում հակամարտությունը լուծելու համար բացառում է արտաքին ռազմական ներխուժումը,- գրել է Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:- Համաձայն ենք նրանց հետ. Անանի ծրագրին և Ժնևի կոմյունիկեին այլընտրանք չկա, եթե մենք ցանկանում ենք հասնել Սիրիայում խաղաղ երկխոսության»:
Հիշեցնենք, շաբաթ Բրահիմին հայտարարել էր, որ Սիրիայում արտաքին ռազմական միջամտությունը կնշանակի դիվանագիտական ջանքերի տապալում:





































