ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնություն է արել: Այս անգամ այդ խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման մի նախագիծ, որով առաջարկում է ստեղծել խորհրդարանական հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի բակում ՊՆ սպա Վահե Ավետյանին դաժան ծեծի արդյունքում սպանելու դեպքը: Ինչպես նաև կուսումնասիրի և կբացահայտի 2001թ. «Առագաստ» սրճարանի զուգարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուի՝ Աղամալ Հարությունյանի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանին նորից ծեծելով սպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած, բայց անպատժելի կամ գրեթե անպատժելի մնացած դեպքերը:
«Հանձնաժողովի խնդիրն է գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի ու առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները»,- նշված է որոշման նախագծում:
Այն, որ նման դեպքեր հայաստանյան իրականության մեջ շատ են եղել` հայտնի է ոչ միայն քաղաքական գործիչներին ու իրավապահներին, այլ ողջ հայ հանրությանը: Նաև հայտնի է, որ երբեք նման դեպքերը լիարժեք չեն բացահայտվել, և մեղավորներն էլ գրեթե չեն պատժվել: Նույն Ա. Հարությունյանը Պ. Պողոսյանին ծեծելով սպանելու համար դատապարտվել է ընդամենը 2 տարվա պայմանական ազատազրկման և այդ ամբողջ ընթացքում եղել է ազատության մեջ: «Հարսնաքարի» դեպքի մասին այս երկուսուկես ամիսների ընթացքում շատ են խոսել: Սակայն «Ժառանգություն» խմբակցությունը էլ ո՞ր դեպքերը նկատի ունի, ինչո՞ւ է այդքան անորոշ թողել դա: Եթե, իսկապես, ինչ-որ հրաշքով ԱԺ-ն ընդունի այդ որոշման նախագիծը, թեև դա գրեթե անհնար է, ապա դրանից հետո հանձնաժողովն ինչպե՞ս է ընտրելու նման դեպքերը:
Օրինակ` 2006թ. հոկտեմբերի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին ծեծելու դեպքը, կամ՝ 2007թ. մայիսի 6-ին քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանին առևանգելու, դաժան ծեծի ենթարկելու և այդպես ամայի տարածքում թողնելու դեպքը: Հիշեցնենք, որ երկրորդ դեպքում այն ժամանակ կարծիք կար, թե Շ. Պետրոսյանին ծեծել են Գագիկ Ծառուկյանի ցուցումով, քանի որ նա հանդգնել էր «Ստոպ» ռոք ակումբում խոսակցության ժամանակ ասել, թե լավ կլինի, որ ԲՀԿ ղեկավարի նկարը փակցնեն Օպերայի ճակատին: Կամ՝ ընդամենը մի քանի տարի առաջ «Օդնոկլասնիկ» սրճարանում այն ժամանակ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի խումբը դաժանորեն ծեծելով սպանել էր երկու անչափահաս երեխաների հորը՝ 35 ամյա Անդրանիկ Բաբայանին: Մի քանի ամիս առաջ էլ մամուլում հրապարակում եղավ, որ Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն դաժան ծեծի է ենթարկել միկրոավտոբուսի մի վարորդի: Ավելի ուշ լրատվամիջոցներում հրապարակում եղավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին իր հայրենի Մխչյան գյուղում վրաերթի է ենթարկել ու սպանել 3 տարեկան մի երեխայի: Այդ սպանության մասին գրվեց միայն մամուլում, սակայն իրավապահ համակարգը ոչինչ կամ գրեթե ոչինչ չձեռնարկեց թեկուզև պատահաբար մարդ սպանած վարորդին պատժելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հ. Աբրահամյանի զարմուհին պատիժն առանց կրելու և անարգել մեկնել է արտասահման: Իսկ մեկ ամիս առաջ էլ ոստիկանությունն այդ գործը կարճեց «հանցակազմի բացակայության հիմքով»:
Իհարկե, սրանք 2001 թվականից մինչև օրս կատարված բոլոր նման գրեթե անպատիժ մնացած հանցագործությունները չեն: Այդ շարքը կարելի է տասնապատկել, բայց դա կլինի ընդամենը ևս մեկ անգամ հիշողությունը թարմացնելու առիթ:
«Ժառանգության» ներկայացրած որոշման նախագծի համաձայն` հանձնաժողովում պետք է ընտրվեն մեկական անդամներ ԱԺ 6 խմբակցություններից: Արդյոք հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն խմբակցությունների անդամները համաձայնություն կտա՞ն, որ Պ. Պողոսյանի սպանությունն ընդգրկվի քննվող դեպքերի ցանկում: Կամ՝ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը կցանկանա՞, որ այդ դեպքը բացահայտվի, կամ Հ. Աբրահամյանի զարմուհին արտասահմանից բերման ենթարկվի ու կպատժվի՞ անմեղ երեխային սպանելու համար: Իհարկե ոչ: Եվ քվեարկության արդյունքում ԱԺ առնվազն երեք՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները, որոշ դեպքում նաև՝ ՀՅԴ-ի հետ միասին չորս խմբակցությունները դեմ կքվեարկեն վերը նշված դեպքերը բացահայտելու փորձին: Լավագույն դեպքում «Ժառանգությանը» կսատարի միայն ՀԱԿ խմբակցությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք« բնականաբար, չեն ընդունի «Ժառանգության» առաջարկը, քանի որ այն անիմաստ «շոու կդառնա»: «Հիմա կարող է մի թիմ էլ առաջանա, որ հակառակ բողոքն անի, մենք պետք է անընդհատ հանձնաժողովնե՞ր ստեղծենք: Դա այն երևույթը չէ, որ հանձնաժողովի խնդիր լինի: Մանավանդ, որ մենք հավատացած ենք, որ այնպիսի վճիռներ կլինեն, որ կբավարարեն հասարակության պահանջը»,- ասաց Գ. Սահակյանը: Նա կարծում է, որ Պ. Պողոսյանի ու դրան հետևած մյուս աղմկոտ սպանությունների ու ծեծերի հետ կապված իրավական պատիժները եթե արդար չլինեին, հասարակությունն այդ մասին կխոսեր: Գ. Սահակյանը վստահ է, որ դրանց մասին բարձրաձայնող «առանձին խմբերն» ընդամենը շահարկում են այդ դեպքերը:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ այդ հանձնաժողովի հետ կապված լրացուցիչ ասելիք չունի: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ուրիշների քայլերն իրենք չեն մեկնաբանի: Իսկ «Ժառանգության» առաջարկած հատուկ հանձնաժողովի ստեղծման հետ կապված մեկնաբանությունները կտան այն ժամանակ, երբ որոշման նախագիծը մտնի ԱԺ օրակարգ:
Բնականաբար, «Ժառանգության» անդամները նույնպես հասկանում են, որ իրենց այս առաջարկությունը նախաձեռնությունից այն կողմ չի անցնի, հանձնաժողով չի դառնա, անցած տասնամյակի աղմկոտ սպանություններն ու այլ հանցագործությունները չեն բացահայտվի, ու մեղավորներն էլ չեն պատժվի: Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում այդ նախագծի ներկայացումը:
Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ դա պայքարի մի ձև է: Եվ եթե ԱԺ-ն այսօր չընդունի իրենց նման նախաձեռնությունները, ապա ապագայում անպայման կընդունի: «ԱԺ-ն պետք է լիարժեք իրականացնի իր գործառույթները որպես հակակշռող և զսպող մեխանիզմ: Հատկապես այս համատարած անպատժելիության մթնոլորտը, նաև դատական իշխանության անգործությունն և գործադիր իշխանության կողմից իր լիազորությունների չարաշահումը, առավել է դարձնում նման հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց Զ. Փոստանջյանը: Նրա խոսքերով, իհարկե, Պ. Պողոսյանի սպանությունից առաջ նույնպես նման դեպքեր եղել են, սակայն դա առավել արմատացրեց նման երևույթների գոյությունը մեր երկրում: Եվ դա է պատճառը, որ նախագծում որպես անպատժելիության սկիզբ հիշատակել են Ռ. Քոչարյանի թիկնապահի կողմից կատարված այդ սպանությունը: Իսկ դեպքերի ամբողջական ցանկ չեն նշել` դա թողնելով հանձնաժողովի գործունեությանը, եթե, իհարկե, այն ստեղծվի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































