Սոմալիի ծովահենները առաջին անգամ պատանդի են սպանել` փրկագնի վճարման ձգձգումների պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պանամայի դրոշով «Օրնա» բեռնանավը արդեն երկու տարի է` գտնվում է ծովահենների իշխանության ներքո: Այն պատկանում է ԱՄԷ-ի ընկերություններից մեկին: Երկար սպասելով փրկագնին` ծովահենների համբերությունը հատել է: Ծովահենների զոհն է դարձել Սիրիայի քաղաքացի: Անձնակազմի ևս մեկ անդամ վիրավորվել է:
«Նավաստու սպանությունը ուղերձ է նավի սեփականատերերին, որոնք մեզ ոչինչ չեն վճարել: Եթե նրանք շարունակեն մեզ խաբել, ապա սպանությունները կշարունակվեն: Հոգնել ենք սպասելուց: Երկու տարին լիովին բավարար է»,- ասել է ծովահենների հրամանատար Հասան Աբդին:
Չնայած ծովահենների հայտարարությանը, Սոմալիի տարածքային ջրերում պարեկող ԵՄ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է, որ իրեն հայտնի չէ պանդանդի սպանության մասին որևէ տեղեկություն:
2012 թվականը Սոմալիի ծովահենների համար բարեհաջող տարի չէր: Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 12-ը ծովահենները զավթել են կամ փորձել են զավթել 69 նավ, ինչը 32 տոկոսով ցածր է 2011-ի ցուցանիշից:










































