Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ հայտարարել է, որ կարևորը ոչ այնքան միասնական թեկնածուն է, որքան «հզոր» թեկնածուն: Թե ում նկատի ունի Զուրաբյանը հզոր թեկնածու ասելով՝ թերևս մնում է գուշակել, թեև այդ առումով որոշակի ակնարկ կարելի է համարել նրա համեմատությունը 2008 թվականի հետ:
Լևոն Զուրաբյանն ասում է, որ պետք է հզոր թեկնածու, որը կանի այն, ինչ օրինակ՝ 2008 թվականին արեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այստեղ հետաքրքրական է դիտարկել՝ իսկ ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին: Եվ ընդհանրապես, ինչ էր և ինչ է 2008 թվականը:
Այս իրողություններն իսկապես պետք է հանրայնորեն հասկանալ, ամփոփել, գնահատել, որպեսզի մենք՝ հասարակությամբ հանդերձ, չդառնանք հերթական պատմական տարեթվի ազգովի գերին, ինչպիսին լինում ենք տարբեր հին ու նոր տարեթվերի և ամսաթվերի առումով: 2008-ն իսկապես հասարակական-քաղաքական լուրջ զարթոնք էր՝ դրան նախորդած 2007 թվականի տոտալ ապատիայից և հուսահատությունից հետո: Այդ զարթոնքի, վերելքի հարցում իսկապես մեծ էր Լևոն Տեր-Պետրոսյանի անձի՝ խարիզմայի գործոնը: Բայց, անկասկած, ամենաէականը նրա քաղաքական վերադարձի շեշտադրումներն էին, համակարգի հստակ և կոնկրետ ախտորոշումը, հասարակության հետ բաց ու անկեղծ զրույցը, հանրության ձեռքին գործիք դառնալու կոնկրետ պատրաստակամությունը: Այդ ամենը օգնեց, որպեսզի Տեր-Պետրոսյանի սկսած շարժմանը միանան նաև մարդիկ, որոնք զուտ անձնական և գաղափարական տեսանկյունից նրա ընդդիմախոսն էին և նույնիսկ չափազանց կոշտ ընդդիմախոսը, սակայն, այդուհանդերձ, իրենց մասնակցությունը բերեցին շարժմանը:
Այդ իմաստով 2008-ն իսկապես աննախադեպ էր և թերևս կհամեմատվեր միայն 1988-ի հետ: Սակայն արդյոք միայն դա՞ էր 2008-ը, և արդյոք սկսվելով դրանով՝ հենց դրանով էլ ավարտվե՞ց այն: Իհարկե՝ ոչ: Ցավոք, հանրային այդ աննախադեպ և բազմերանգ մոբիլիզացիան և հիմնականում քաղաքացիական շեշտադրումների վրա կառուցվող քաղաքական գործընթացը շատ արագորեն սկսեցին կուսակցականության, թայֆայականության և կլանայնության ազդեցություններին ենթարկվել, հատկապես Մարտի 1-ի ողբերգությունից հետո:
Խոշոր հաշվով 2008-ը ոչ թե հզորության, այլ բացթողումների և վրիպումների օրինակ կարելի է համարել: Ավելին՝ երբ 2008-ը դիտարկենք անցնող ճանապարհի կտրվածքով, ապա կտեսնենք, որ 2008-ի աննախադեպ մոբիլիզացիայից այսօր մնացել է ընդամենը մի կուսակցություն և նույնիսկ մի խումբ, որն էլ իր հերթին ընդամենը մնացել է «Բարգավաճ Հայաստան»-ի հույսին:
Եթե Լևոն Զուրաբյանը նկատի ունի հենց այդ կամ այդպիսի հզորություն, որը վերջում մնում է ԲՀԿ-ի հույսին, ապա հազիվ թե այդ ամենով ևս մեկ անգամ անցնելը անհրաժեշտ է Հայաստանի հասարակությանը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ անունների տակ կանցնի այդ ամենն այս անգամ: Հայաստանին հակառակն է պետք՝ դասեր քաղել հերթական տարեթվից, կատարել հետևություններ, վերլուծել սխալներն ու բացթողումները, հասկանալ վրիպումները, որպեսզի հերթական հանրային մոբիլիզացիան, որն, ի դեպ, կարող է նույնիսկ վերջինը լինել, վերջում շախմատի խաղաքար չդառնա ԲՀԿ-ի ձեռքին:










































