Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ վերջապես շարունակվել է ամուսնու և սկեսրոջ կողմից բռնության ենթարկված Մարիամ Գևորգյանի հայցի քննությունն ընդդեմ սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի: Այս գործով վերջին 3 նիստերը հետաձգվել էին մեղադրող դատախազի բացակայության պատճառով, որը, սակայն, երեկ ներկայացել էր:
Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դռնփակ դատավարությունն արդեն մոտ է ավարտին: Փաստաբանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց տարածված ան տեղեկատվությունը, թե Հայկանուշ Միքայելյանի հարազատները գումար են առաջարկել Մարիամ Գևորգյանին` հայցից հրաժարվելու համար: Նոնա Գալստյանի փոխանցմամբ` նրանց կողմից խոշտանգված հարսին գումար առաջարկվել է, սակայն բավական երկար ժամանակահատված առաջ, երբ դեռ Մարիամ Գևորգյանը չէր դիմել ոստիկանություն: Գործով պատասխանող կողմը գումարն առաջարկել էր հարսին հենց ոստիկանություն չդիմելու համար:
Ինչևէ, դատարանն այժմ, փաստաբանի փոխանցմամբ, անցել է ապացույցների հետազոտման փուլին, սակայն թե ինչ դիրքորոշում է ցուցաբերում գործի նկատմամբ` հայցվոր կողմն առայժմ չի շտապում եզրակացություններ անել:
Հիշեցնենք, որ ինչպես ինքը՝ տուժած հարսն է պատմել, սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իրեն խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ իրեն 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Ի դեպ, Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից որպես բարոյական վնասի փոխհատուցում ներկայացված դրամական պահանջը դռնփակ դատավարության ետևում պետք է մնար, թվեր, այնուհանդերձ, արդեն հրապարակվել են, և իրենք փաստորեն պատասխանող կողմից պահանջում են 17 միլիոն 350 հազար դրամ:








































