ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Մոսկովյան Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևայի և «Մարդու իրավունքների համար» շարժման առաջնորդ Լև Պոնոմարյովի այն հարցին, թե արդյոք իրենք ամերիկյան գործակալներ են:
Հուլիսի վերջին իրավապաշտպանները դիմել էին Օբամային` խնդրելով պատասխանել այն հարցին, թե արդյոք ամերիկյան գրանտներ ստացած ոչ առևտրային կազմակերպությունները «ԱՄՆ-ի գործակալներն են»: Նամակը գրվել էր այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենք, ըստ որի՝ «օտարերկյա գործակալի» կարգավիճակ կունենան արտասահմանից ֆինանսավորում ստացող և քաղաքականությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունները:
Հարցի պատասխանը իրավապաշտպանները ստացել են օգոստոսի 29-ին Հիլարի Քլինթոնի կողմից ստորագրված նամակով:
«Պատասխանելով ձեր հարցին, թե արդյոք ամերիկյան գրանտներ ստացած ոչ առևտրային կազմակերպությունները ԱՄՆ-ի կառավարության «գործակալներն են», թույլ տվեք ինձ պատասխանել, որ մենք ոչ միայն չենք կառավարում ձեր գործողությունները, այլ նաև որևէ ցանկություն չունենք դա անելու »,- ասվել է նամակի մեջ:







































