Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի գործող քաղաքապետ, առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի թեկնածու Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները կարող են «շանտաժի» պատասխան լինել: «Հետքի» հաղորդած նախնական տեղեկություններով՝ կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ, «Բոդոլ» մականունով Արսեն Չիթչյանը: Որքանով է դա ճիշտ՝ հայտնի չէ, սակայն այս տեղեկությունը կարող է ամբողջացնել մեզ հասած հետևյալ տեղեկությունը:
Մեր աղբյուրների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ քանի որ Խաչիկյաններն ու Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրված Սերոբ Տեր-Պողոսյանը լուրջ հակասություններ ունեն, վերջինիս թիմակիցները որոշել են առաջիկա ընտրություններում աշխատել Հայկազ Խաչիկյանի մրցակից թեկնածուի՝ Սուրեն Թամազյանի օգտին: Բայց որպեսզի նման բան տեղի չունենա, ըստ շրջանառվող լուրերի, Խաչիկյանի կողմնակիցները՝ ինչ-որ անձինք, մտել են Սերոբ Տեր-Պողոսյանից տուժած երեխաների բնակարանները և նրանց ընտանիքների անդամներին «խստորեն հորդորել» չաշխատել Թամազյանի օգտին, այլապես նրանց երեխաներին պղծելու տեսաձայնագրությունները կհայտնվեն շրջանառության մեջ: Դա զայրացրել է Ախթալայի բնակիչներին, ովքեր գնացել են Հայկազ Խաչիկյանի հայրական տուն՝ այնտեղ կոտրել նրանց տան գույքը, վիճաբանել, իսկ դրան հետևել են Հայկազ Խաչիկյանի մեքենայի ուղղությամբ կրակոցները, որից գործող քաղաքապետ Խաչիկյանը չի տուժել:
Սրանք դեռ նախնական տեղեկություններն են, որոնք կհերքվեն կամ կհաստատվեն հետագայում:
Լուսանկարը՝ hetq.am-ի










































