ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին` առաքելության ավարտի կապակցությամբ:
Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ ՄԶԳ-ն կառավարության կարևոր գործընկերներից է և աջակից է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին:
Նա հատկապես գոհունակություն է հայտնել մարզերում և համայնքներում ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ծրագրերի կապակցությամբ, որոնք մի կողմից ուղղված են տեղական կառավարման համակարգի զարգացմանը, մյուս կողմից` համայնքներում տեղական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ըստ փոխվարչապետի` այս բաղադրիչների համադրումն է նաև ծրագրերի արդյունավետության գրավականը: Նա հատկապես առանձնացրել է ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը»:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը նաև ընդգծել է Չ. Ջեթինդերի անձնական ջանքերը և նրան հանձնել Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ադյունավետ է համարել համագործակցությունը: Անդրադառնալով տարածքների զարգացման խնդրին` նա այդ նպատակի համար կարևորել է ռեսուրսների համախմբումը: Նշելով, որ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակվեն` Չ. Ջեթինդերը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս կպահպանվի փոխգործակցության բարձր մակարդակը:








































