Աֆղանստանում զինվորական համազգեստով աֆղանցին կրակ է բացել և սպանել ՆԱՏՕ-ի 3 զինծառայողի, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին:
Հատուկջոկատայինները սպանվել են աֆղանական Ուրուզգան նահանգում, որտեղ տեղակայված են շուրջ 1500 ավստրալիացի զինծառայողներ: Աֆղանստանում` պատերազմի ողջ ընթացքում, սպանվել են 33 ավստրալիացի զինվորականներ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների տեղեկացմամբ` օգոստոսի 29-ի ցերեկը այդօրինակ հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում: Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին տեղի բնակչի արձակած կրակոցներից ՆԱՏՕ-ի ևս 3 զինծառայող էր սպանվել:
Associated Press-ի փոխանցմամբ` այս տարվա օգոստոսին Աֆղանստանում 15 օտարերկրյա զինվորականներ են սպանվել, իսկ այս տարի Աֆղանստանում զոհված զինվորականների թիվը հասնում է 45-ի:









































