Մեքսիկացի ոստիկանները Մեխիկոյից ոչ հեռու կրակ են բացել զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեռևս անցած շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Երկու ամերիկացիներ հրազենային վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վնասվել են կրակի տակ հայտնված զրահապատ մեքենայի անիվներն ու ետևի ապակին:
Հարձակմանը մասնակցելու կասկածանքով 40 օրով կալանավորվել են Մեքսիկայի ոստիկանության ավելի քան 10 աշխատակիցներ: Նրանք վստահեցնում են, որ ամերիկացիներին շփոթել են հանցագործների հետ: Ականատեսների վկայությամբ` դա ամենևին նման չէր ոստիկանական օպերացիայի, ոստիկանները արտասահմանցիներին հետապնդել են` ինչպես գանգստերներ, առանց պետհամարանիշների ավտոմեքենաներով:
Հնարավորությունն այն մասին, որ ամերիկացիների դեմ իրականացված հարձակումը կարող էր ծրագրված լինել թմրակարտելների ներկայացուցիչների և կոռումպացված ոստիկանների կողմից, հաստատել է Մեքսիկայի կառավարության ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: Նա նշել է, որ հանցանքի վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտներ, ինչը վկայում է, որ դա այլոց ձեռքի գործն է` Մեքսիկայի ոստիկանության սպառազինության մեջ «Կալաշնիկով» ներառված չէ:
Վերլուծաբանների կարծիքով` այդ հարձակումը կարող է սպառնալիքի տակ դնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի համագործակցությունը թմրակարտելների դեմ պայքարում:









































