Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Փակ շուկայի վերականգնման աշխատանքները համարում է կիսատ հաջողություն: «Տեսականորեն կարելի է ասել, որ շենքը փրկվեց, բայց էլի կիսատ քայլերով՝ վստահ չլինելով, որ 100 տոկոսանոց արդյունք կլինի, կիսատ հաջողություններ են, որովհետև պետական այն պաշտոնյաները, որոնք քաղաքը 10 տարի է` այս վիճակին են հասցրել, դեռևս ազատ կերպով գործունեություն են ծավալում թե’ քաղաքապետարանում, թե’ մշակույթի նախարարությունում»,- Aravot.am-ին ասաց Ս.Պետրոսյանը:
Նա դժգոհեց, որ շուկայի վերականգնումը փակ է ընթանում, ու ոչ ոք հնարավորություն չունի պարզելու, թե արդյոք իրականում վերականգնվո՞ւմ է նույնությամբ. «Հանրային զրոյական մասնակցություն է ապահովված, և մենք որևէ ձևով տեղեկացված չենք՝ ի՞նչ գործընթացներ են գնացել, չնայած բազմաթիվ նամակներ ենք գրել, բայց դա նորմալ է, որովհետև այն գործելաոճը, քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունն ունեցել են նախկինում, նույն ոճով շարունակվում է: Հանրային իրազեկում չկա, միայն բանավոր տեղեկություններ են` իբր թե շենքը վերականգնվում է: Բնականաբար, ոչ մի վստահություն չունենք, որ դա հենց այդպես կլինի»: Ճարտարապետը դժգոհեց նաև, որ չպատժվեցին ոչ ապօրինի շինթույլտվություն տրամադրած պաշտոնյաները, ոչ էլ շենքը քանդողները:








































