A10 ավտոմայրուղու վրա, որը կապում է Գենուան Վենթիմիլիայի հետ, վթարի է ենթարկվել 1,2մլն դոլար արժողությամբ Pagani Zonda F ավտոմեքենան: 28-ամյա վարորդը, որը Գերմանիայի քաղաքացի է, թաց ասֆալտի վրա գիշերը մեքենան վարել է 320կմ/ժ արագությամբ, երբ հանկարծակի կորցրել է կառավարելիությունը, և մեքենան դուրս է եկել ճանապարհից: Արկածախնդիր վարորդն իր «մրցավազքն» ավարտել է` բախվելով հենասյանը:
Ո՛չ վարորդը և ո՛չ էլ նրա ուղևորը լուրջ վնասվածքներ չեն ստացել, իսկ ինչ վերաբերում է էքսկլյուզիվ ավտոմեքենային, ապա այն ամբողջությամբ ջարդուփշուր է եղել և վերականգնման ենթակա չէ:
Պետք է նշել, որ երիտասարդին, որը թանկարժեք մեքենաների հավաքածու ունի, դրանից առաջ էլ է իտալական ոստիկանությունը կանգնեցրել և տուգանել, սակայն մեկ այլ` Lamborghini Gallardo-ի ղեկին:
Այս անգամ երիտասարդ գերմանացու համար ճանապարհորդությունն ավելի թանկ արժեցավ: Բացի ավերված մեքենայից` նա պետք է նաև տուգանք մուծի և վճարի կոտրած պատնեշի համար:
Zonda F սպորտային մեքենան, որը արտադրում է աշխարհի ամենաարագընթաց և թանկարժեք մեքենաների արտադրող Pagani Automobili ընկերությունը, 0-100կմ/ժ արագությանը հասնում է 3,6 վայրկյանի ընթացքում:
Pagani ընկերությունը տարեկան արտադրում է 15-20 մեքենա: Այս մեքենայի արժեքն ու մրցակցային հնարավորությունները տարեցտարի աճում են:







































