Սիրիայում այսպես կոչված բուֆերային գոտիների ստեղծումը, որոնց մասին խոսում են միջազգային հանրության որոշ անդամներ, անիրագործելի նախագիծ է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, սիրիական մասնավոր «Ադ-Դունիա» ալիքով հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Սիրիայի հետ սահմանին անվտանգության հնարավոր բուֆերային գոտու ստեղծման մասին, որը պետք է որպես հակազդման միջոցառում ծառայեր քուրդ անջատողականների դեմ պայքարում, հուլիսի վերջին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել էր Անկարայի ցանկությունը` ստեղծել այնպիսի գոտի, որը կզսպի սիրիացի փախստականների աճող հոսքը:
Երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ երկրի կառավարությունը աշխատում է Անկարայի նախաձեռնության ուղղությամբ:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Ասադը նաև հայտարարել է, որ կառավարական ուժերի հաղթանակը ապստամբների դեմ միայն ժամանակի հարց է:
«Ես կարող եմ իրավիճակը բնութագրել միայն մեկ արտահայտությամբ. մենք առաջընթաց ենք արձանագրել, իրավիճակը բարելավվում է, սակայն մենք դեռ չենք հաղթել, դրա համար անհրաժեշտ է ժամանակ»,- ասել է Ասադը:









































