Լրատվամիջոցների կողմից «Շարլեռուացի հրեշ» անունը ստացած բելգիացի պեդոֆիլ և մարդասպան Մարկ Դյութրուի նախկին կինը վաղաժամկետ-պայմանական կարգով ազատ է արձակվել,- փոխանցում է Agence France-Presse-ը:
Օգոստոսի 28-ին 5 դատավորների խումբը որոշել է, որ վճռով սահմանված 30 տարուց 16-ը բանտում անցկացրած 52-ամյա Միշել Մարտենը կարող է վաղաժամկետ ազատ արձակվել:
Մարտենին ազատ են արձակել պայմանով, որ նա աշխատի բելգիական վանքերից մեկում: Նա պարտավոր է երբեք չգնալ այն շրջաններ, որտեղ ապրել են իր զոհերն ու նրանց հարազատները: Նրան թույլատրված է լքել վանքի տարածքը, բայց նա պարտավոր է ոստիկանություն գնալ առաջին իսկ պահանջի դեպքում: Նա նաև պիտի փոխհատուցում վճարի իր զոհերի հարազատներին: Լրատվամիջոցների հետ շփվել նա չի կարող:
Նա և նրա նախկին ամուսինը ձերբակալվել էին 1996-ին: 2004-ին «Շարլեռուացի հրեշին» դատավորը մեղավոր էր ճանաչել 1995-1996 թթ. 6 աղջիկների առևանգման, նրանց բռնաբարելու և նրանցից չորսին սպանելու համար:
Դյութրուն դատապարտվել էր ցմահ բանտարկության, նրա կինը` 30 տարվա:










































