Ս.թ. օգոստոսի 23-ի «Առաջին լրատվական» կայքի՝«Կառավարությունը խրախուսում է Պաշտպանության նախարարության կրիմինալը», ինչպես նաև «Ժամանակ» օրաթերթի՝ «Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը և ռուսական 500 մլն դոլար վարկի մութ էջերը» (օգոստոսի 23-ի համարում) հրապարակումներում նշվել էր` «նախարարը հայտարարել է 9 մլրդ դրամ լրացուցիչ արտաբյուջետային միջոցների մասին՝ նշելով, որ այդ գումարը ստացվել է բյուջետային կազմակերպությունների կողմից բանկերում ունեցած ավանդներից»: Այս կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հարկ համարեցին «Առաջին լրատվական»-ին պարզաբանել, որ «ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 2-ի նիստի ընթացքում և երբևէ ՀՀ ֆինանսների նախարարը նման տեղեկատվությամբ հանդես չի եկել»:
Ի գիտություն ընդունելով նախարարության պարզաբանումը, այնուամենայնիվ փաստենք, որ ըստ նույն նախարարության «ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը՝ 2012 թվականի առաջին կիսամյակում» հրապարակման մեջ նշվում է, որ «ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 22.2 մլրդ դրամ` 10.9%-ով գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 9.1 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 92.3%-ով: Այլ եկամուտների կիսամյակային ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների եկամուտների գերազանցումից մուտքերով…»:
Մինչդեռ, պետական հիմնարկները, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարությունը, իրավունք չունեն ինքնուրույն տնօրինել ֆինանսական միջոցները և բանկերում դնել որպես ավանդ ու տոկոս ստանալ դրանից: Հակառակ դեպքում, ստացվում է, որ տվյալ նախարարությունը պետական փողերով զբաղվում է կոմերցիոն գործունեությամբ: Եթե կան ազատ միջոցներ, ապա դրանք պետք է տնօրինի ֆինանսների նախարարությունը՝ օգտագործի բյուջեով նախատեսված ծախսերի համար, կամ եթե դրա կարիքը չկա, տրամադրի Կենտրոնական բանկին, որն էլ կտրամադրի առևտրային բանկերին:
Պետական հիմնարկների, այդ թվում՝ նախարարությունների կողմից արտաբյուջետային միջոցների ըստ ցանկության տնօրինումն օրինականացնելու նպատակով ներկայում կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ: Այսինքն՝ նախ վարվում են ինչպես կամենում են, ապա մտածում դա օրինականացնելու մասին: Եվ, ըստ էության, ֆինանսների նախարարության պարզաբանումը զավեշտալի է, քանի որ «պարզաբանվում է» նախարարի անձի հետ կապված ինչ-որ մանրամասնություն և լռության են մատնվում արծարծված բուն փաստերը:










































