Հնդկաստանում փրկել են էգ ընձառյուծին, որը բարձրացել էր գործարանի մետաղական ցանկապատի վրա ու վնասել թաթը: Այս մասին գրում է The Hindu-ն: Ցանկապատի սուր ցիցը խրվել էր վայրի կատվի թաթի մեջ, ինչի հետևանքով նա չի կարողացել ազատվել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին` Մայսուր քաղաքում:
Ընձառյուծին ցանկապատի վրա նկատել են վաղ առավոտյան: Կատարվածի մասին Փրկարար ծառայություն են հաղորդել ձեռնարկության անվտանգության աշխատակիցները և անցորդները: Շուտով դեպքի վայր են մեկնել բնապահպանության նախարարության մասնագետներն ու անասնաբույժները:
Մասնագետները կենդանուն հանգստացնող են ներարկել, այնուհետև նրան ցանցապատել ու վայր իջեցրել ցանկապատից: Ընձառյուծին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, վնասված թաթի վրա մի քանի կար դրել և հակաբորբոքայիններ տվել:
Ընձառյուծի կյանքին վտանգ չի սպառնում: Վերականգնումից հետո նրան ազատ կարձակեն:
Ի դեպ, սա ընձառյուծների կողմից ֆաբրիկան գրոհելու առաջին դեպքը չէ:










































