Գյուղատնտեսական շրջանի ավարտից հետո Հայաստանի տնտեսությանը ցնցումներ, շոկեր չեն սպասվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1994-1998թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Ո՛չ, շոկի խնդիր չկա, գյուղատնտեսությունն ընդամենը 10% աճ է արձանագրել»,- ասաց Բ. Ասատրյանը` նշելով, որ տնտեսական ակտիվությունը մոտ 8% է, արդյունաբերության աճը՝ 13%, ծառայությունների աճը՝ 11%, գյուղատնտեսության աճը՝ 10%. «Այսինքն՝ առաջնայինը գյուղատնտեսությունը չի: Տնտեսական ակտիվությունը հիմնականում պայմանավորված է արդյունաբերությամբ և այլն: Շինարարությունն է շարունակում բացասական մնալ»:
Բ. Ասատրյանի խոսքով՝ գյուղատնտեսության համար իրոք լավ տարի է, բայց այն իր հետ բերում է հավանական փորձանքներ: Մասնավորապես, ամեն տեղ գյուղացին բողոքում է, որ բերքը չի կարողանում իրացնել, գները կտրուկ նվազում են, դեղձը 60-70 դրամ է, բայց չեն կարողանում վաճառել: Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է հասունանում, իրական գործընթացներ կան, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ամբողջ տնտեսության և մասնավորապես գնաճի վրա. «Պտղի բերքի տեսանկյունից բարենպաստ տարի է, բայց անասնակերի տեսանկյունից սուղ է: Մի կապ խոտը նախորդ տարվա համեմատ 2.5-3 անգամ թանկացել է, որը բերելու է գլխաքանակի կրճատման: Մարդիկ չեն կարողանա անասունը ձմռանը պահել և աշնանը ստիպված մորթելու են: Շոկային իրավիճակ կարող է այդտեղ առաջանալ, որ գալիք տարում զգալիորեն կբարձրանա մսամթերքի գինը»:






































