Ընտանիքում կա երեք տեսակի բռնություն՝ հոգեբանական, ֆիզիկական և սեռական, որը հաճախ կիրառվում է նաև երեխաների նկատմամբ: Երեխաների նկատմամբ բռնությունը հանգեցնում է անձի աղճատմանը, մանկական տրավմաների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանն ասաց, որ կապված տրավմաների հետ՝ երեխայի մոտ կարող է հոգեբանական կերպարը սխալ զարգանալ, նա ձեռք է բերում զոհի հոգեբանություն. «Նման երեխաները հետագայում կարող են դառնալ բռնարարներ, ունենալ հոգեֆիզիոլոգիական խնդիրներ»:
Հոգեբանը նշեց, որ բռնության ենթարկված երեխաները հետագայում հոգեբանորեն կայացած չեն լինում, դժվար են սոցիալականացվում, ունենում են սթրեսածին վարք: Նա ընդգծեց, որ հայկական իրականության մեջ երեխայի համար շատ են «չի կարելի»-ները, տաբու են դնում երեխայի գործողությունների վրա. «Հաճախ ծնողները երեխային չեն թողնում, որ բակ իջնի, տարեկիցների հետ խաղա զուտ այն պատճառով, որ վախենում են, թե երեխան իրեն կվնասի, բայց իրականում չեն թողնում, որ երեխան սոցիալականացվի: Թող մի անգամ էլ սայթաքի, վեր կենա, որ կյանքում դիմակայի»:
Տիկին Բադալյանը խոսեց նաև սեռական բռնության մասին: Ըստ մասնագետի՝ այն տրավմա է ամբողջ կյանքի համար. «Հաճախ սեռական բռնության ենթարկված երեխայի տրավման կարող է այն աստիճան խորը լինել, որ երեխայի սեռական կողմնորոշումը կարող է փոխվել: Հավանականությունը մեծ է, որ նման երեխաները հետագայում համասեռամոլ կդառնան»:
Վերջում հոգեբանը հավելեց, որ պետք է լցնել երեխայի ներաշխարհը, նրան ազատ թողնել, սակայն բացատրել, որ կան արգելքներ, որոնք չի կարելի անցնել. «Երեխային պետք է մտքի, վարքի ազատություն տալ, բայց հետևել նրան: Այս դեպքում երեխան կկարողանա ձևավորվել որպես նորմալ անհատ»:










































