Ինձնից, որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու, վտանգ են տեսնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանը` անդրադառնալով կիրակի օրը իր նախընտրական քարոզչության ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Նա նշեց, որ միայն ինքը չէ, որ կարծում է, թե լուրջ մրցակից է, իր հակառակորդները, բնակչությունը ևս այդ մասին գիտեն: Ուստի, նրա համոզմամբ, դա է պատճառը, որ խոչընդոտ են ստեղծում: Նրա կարծիքով` անզգուշությամբ նման միջադեպ չէր կարող պատահել: «Ուրեմն, ինձնից վտանգ են տեսնում, փորձում են խոչընդոտել, որ ես իմ ծրագրերը չկարողանամ ներկայացնել, մարդկանց հետ հանդիպել»,- մեկնաբանեց Կարեն Թումանյանը:
Անդրադառնալով միջադեպի վերաբերյալ ոստիկանությանը ներկայացված հաղորդմանը` նա ասաց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: «Իմ ունեցած տեղեկություններով` մեղավորը բերման է ենթարկվել, քննություն կկատարեն և կպարզեն, թե նպատակը որն է եղել, ով է հանձնարարել, ով է հեղինակը, կազմակերպիչը, ոստիկանության գործն է»,- ասաց Կարեն Թումանյանը:
Հիշեցնենք, որ տեղեկություններ տարածվեցին, թե Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիմակիցները խոչընդոտել են քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի նախընտրական քարոզչությունը: Կարեն Թումանյանը Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպում էր կազմակերպել տեղի բնակչության հետ, որի ժամանակ կոպիտ ձևով փորձել էին խոչընդոտել նախ` Կարեն Թումանյանի ու բնակիչների հանդիպումը, հետո նաև՝ լուսաբանման համար միջոցառումը նկարահանող «Լոռի» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը:











































