Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն օրերս հրավիրած ասուլիսում ներկայացրեց առաջին 7 ամիսների տնտեսական բավականին լավատեսական ցուցանիշները: «Առավոտ»-ը խնդրեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին մեկնաբանել` եթե Վարդան Արամյանի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է, և այդքան լավ ցուցանիշներ ունենք, իսկապե՞ս կարող ենք ասել, որ կյանքը լավացել է: Նա պատասխանեց.
«Գիտեք ինչ կա, իր հորեղբոր տղայինն էլ կավելանա, իր գրպանինն էլ կավելանա, Սերժ Սարգսյանի հորեղբոր տղայինն ու իր գրպանինն էլ կավելանա, բայց երբ որ քաղաքացիներինը չի ավելանում, երբ աղքատությունն է մեծանում, երբ ինքը աղքատության ցուցանիշի մեթոդոլոգիայի փոփոխություն է ներկայացնում, դա այդպես չի. իրականում աղքատությունն է մեծացել: Մարդը գոհ է ինքն իրենից ու իր կառավարությունից: Նման հաշվարկներ անելու հնարավորություններ ունի միայն այս պետությունը: Թե ինչքանով են հաշվարկները համընկնում իրականության հետ` քաղաքացիները պետք է ասեն: Մեր երկրում տնտեսական քաղաքականություն չկա: Երբ ինքը արտաքին պարտքի մասին է խոսում, հարցին՝ թե ինչպես եք սպասարկելու պարտքը, ասում է` նորից պարտք ենք վերցնելու, նման երկրներ են Հունաստանը, Իսպանիան: Ավելի շատ սրանից պետք է անհանգստանալ: Մի ուրիշ հարց էլ կա՝ ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում, 7 ամսվա այդ կարկառուն ցուցանիշների վերաբերյալ ինքը մամուլի ասուլիս չի տալիս: Որովհետև ինքը շատ լավ գիտի, որ դրա տակ թաքնված են շատ ավելի վտանգավոր երևույթներ, և այսօրվա այդ ցուցանիշներով հպարտանալ, ուրախանալ չենք կարող»:










































