«Առաջին լրատվական»-ի տվյալներով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս դժգոհել էր նրա աշխատանքից` անցած տարվա վարչության աշխատանքային գործունեությունը անբավարար գնահատելով:
«Իրականությանը չեն համապատասխանում անասնագլխաքանակի մասին եղած տվյալները, և բավարար չեն այս ուղղությամբ կատարվող աշխատանքները: Էլ չեմ խոսում վարչության կողմից բնապահպանության ոլորտում արված աշխատանքների մասին»,- ասել էր Սուրիկ Խաչատրյանը:
Պաշտոնից ազատված քաղծառայողը, սակայն, նշանակվելու է մարզպետի խորհրդական: Իսկ նախկին խորհրդական Սամվել Թանգյանն էլ, մեր ունեցած տեղեկություններով, դառնալու է քաղծառայող` նշանակվելով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ:
Ի դեպ, նախկին պետ Ք. Խաչատրյանը երեքշաբթի վերջին հարցազրույցը տվեց Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերությանը` խոսելով հավերի ու խոզերի ժանտախտի մասին: