Մանկավարժները դպրոցում հայոց լեզվին նվիրված մի քանի բանաստեղծություններ են հանձնարարում, ինչպես ասում են` փորձում են լավից- վատից մի ձևով նշել տոնը: Սակայն այս անգամ ոչ միայն չկա ոգևորություն (ինչը չկա նաև մնացած բոլոր տոներին), այլև ինչ-որ տեղ զավեշտալի, ծիծաղելի բան կա սրանում, երբ մի կողմից` Սերժ Սարգսյանը «թեթև ձեռքով» ստորագրում է ՀՀ լեզվի օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` չնայած համընդհանուր դժգոհությանը, մյուս կողմից` շնորհավորական ուղերձ է հղում Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, որտեղ նշում է, որ յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են, հեռանալ հայոց լեզվից` նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Ուղերձը հիշեցնում է աբսուրդի թատրոն, և թվում է` օրենք ստորագրողի և ուղերձը կարդացողի միջև անանց անդունդ կա:
Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը Սերժ Սարգսյանի ասմունքածը համարում է «այլասերված տեքստի» հերթական օրինակ վարչապետի ասմունքած «արդիականացման», «ռեֆորմացիայի» և մնացած այլ` գործունեության լեգիտիմ «ֆասադ» ապահովող տեքստերի շարքում: Ըստ նրա` նման տեքստերը ոչ թե ուղղված են իրավիճակի նկարագրմանը կամ մտադրությունների բարձրաձայնմանը, այլ իրենց գործունեության իրական պատկերի ֆիքսումից խուսափմանը: Քաղաքականությունն (ինչպես և մնացած բոլոր ինստիտուցիոնալացված ոլորտները) այն դաշտն է, որտեղ ցանկացած պաշտոնական գործունեություն ենթակա է բարձրաձայնման: Սակայն ներկայիս իրավիճակի նկարագրումն այնպես, ինչպես այն կա, ըստ սոցիոլոգի, չի համապատասխանում դեմոկրատական արժեքներ հանձն առած երկրի համար լեգիտիմ «տեքստին», քանի որ նշանակում է բռնապետական ռեժիմի հայտարարագրում և կրիմինալ գործողությունների մասին խոստովանություն, այսինքն` վերածվում է «հացագործության մասին հաղորդագրության»: Այդ իսկ պատճառով նկարագրման դաշտը լցվում է «այլասերված տեքստերով», որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ:
«Սերժ Սարգսյանի արտասանած այս ոտանավորը ՍՄԿԿ Կենտկոմի համագումարի ոչինչ չասող ճոռոմաբանության դասական օրինակ է (որտեղ է երևում Կևորկովի «հայրենասեր» աջ ձեռքի իրական «պոլիտշկոլան»), որով սովետական պրոպագանդիստական պրիմիտիվ դպրոցը փորձում էր ապահովել երևույթների տոտալ քողարկում, ծաղկուն իրականության պատրանք` համոզված լինելով, որ պրոպագանդան ավելի ուժեղ է, քան այն դժոխքը, որում մարդն ամեն օր ապրում է»,- ասում է սոցիոլոգը:
Գայանե Ղազարյանը նշում է, որ քանի որ իրականության ընկալման այս պարզեցված մեխանիզմը նրանցում մնացել է նույնը, պաշտոնական դիսկուրսը բավարարվում է յուրաքանչյուր ոլորտի մասին պոպուլիստական փուչ տեքստերի ծիսական կրկնությամբ` համոզված լինելով, որ դրանով խորամանկորեն շեղում է մարդկանց ուշադրությունը պետական բարձր հովանու ներքո զարկ տրված արտագաղթից, Ռուսաստանի մեծապետական շովինիզմին տուրք տալով ռուսալեզու դպրոցների հիմնումից, բանակում «հայեցի» դաստիարակությանն ուղղված գնդակահարություններից, պետական միջոցների համատարած թալանից և այլ այլանդակություններից` «ապացուցելով», որ` ա՜յ, լեզվից հեռացումն է ստիպում մարդկանց «դառնալ մի վտարանդի, անհաստատ, լքված, անհայրենիք», ինչպես հիմարաբար փորձ արվեց «ապացուցել», որ էմոների «պոպուլյացիայի շատացումն» էր զինվորների «ինքնասպանությունների» պատճառը բանակում:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով տոնին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ուղերձին, այն համեմատել է 1948-ին հրատարակված աշխարհահռչակ Ջորջ Օրուելի «1984» գործի հետ, որտեղ նկարագրվում էր հակաուտոպիական մղձավանջ` ինչպիսին է լինելու աշխարհը 20-րդ դարի վերջին, և որպես ամենասարսափելի ոլորտ` օգտագործվում է, այսպես կոչված, նոր լեզուն` որպես գործիք մարդկությանը խաբելու և վերահսկելու նպատակով: Տիգրան Խզմալյանի խոսքերով, այդ լեզվի յուրահատկությունն այն էր, որ համարյա բոլոր բառերը նշանակում էին բառարանում ընդունված իմաստի ճիշտ հակառակը. սուտը կոչվում էր ճշմարտություն, բարին կոչվում էր չարիք. «Մեր սերնդին նման իրողությունը հայտնի էր ուշ խորհրդային շրջաններից, երբ ամենամեծ ստերը տպագրվում էին «Պրավդա» թերթում»:
Այն, ինչ անում է այսօրվա բռնապետությունը Հայաստանում, Տիգրան Խզմալյանի խոսքերով, որպես ջրի երկու կաթիլ նման է այդ իրողությանը: Ասել, որ մենք երկնիշ, քառանիշ թվերով զարգացում ենք ապրում, հոգևոր վերելք ենք ապրում, խոսել ժողովրդավարության մասին, այս ամենը միտված է նրան, որ մարդիկ սովորեն ստին, և այլևս սուտը ամեն անգամ սուտ չանվանեն, որպեսզի ամոթ չլինի սրիկայություններ անել. այդ շարքում գտնվում է նաև լեզվի խնդիրը: «Ես երբեք չեմ մոռանա, և քանի դեռ ողջ ենք, չենք թողնի, որ մոռացվի մի զավեշտական փաստ, երբ չարաբաստիկ փոփոխությունները լեզվի օրենքում խորհրդարան բերվեցին հենց այն օրը, երբ հայ ազգը և Հայ առաքելական եկեղեցին նշում էին Սուրբ թարգմանիչների օրը: Դա այնքան խորհրդանշական և զավեշտալի է, որքան հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը. այս առումով մենք մնում ենք մարտիկմեկյան իրավիճակում, և մեզանում մարտի երկուսը այդպես էլ չի սկսվում»,- ասում է Տիգրան Խզմալյանը` ավելացնելով, որ իշխանավորների ստերը հատկապես զավեշտալի և զարմանալի են լեզվի առումով, որովհետև ամենակարևորը մեզ համար փախցնելն է մեզնից մեր լեզուն, որից հետո հնարավոր է ներմուծել երիտասարդների մտածելակերպի մեջ այն կեղծիքները, որոնք իրենք նախապատրաստել են առաջիկա ընտրություններում, և միակ փրկությունը պետք է մնա մեր նվիրվածությունը մայրենի լեզվին:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, անդրադառնալով այսօր Մայրենի լեզվի տոնին, նշում է, որ մեր անկախության հաղթանակներից մեկն այն էր, որ մայրենին իր արժանի, այսինքն` իշխող տեղը գտավ ոչ միայն մեր կյանքում, այլև մեր գիտակցության մեջ: «Այս հաղթանակը ամրագրվեց Մայրենի լեզվի օրով, այս երկուսի համար ես իսկապես ուրախ եմ, բայց անկախությունից ի վեր առաջին անգամ այս տարի Մայրենիի այս օրը ես ստիպված «սրտանց» շնորհավորելու եմ բոլոր նրանց, ովքեր օտարալեզու դպրոցների մասին հայտնի «օպերացիայով» իրենց կենսագրության մեջ առնվազն տխուր կետ ապահովեցին»,- ասում է դրամատուրգը:
«Ժամանակ» օրաթերթ









































